Պարի ազգային տարազները գրեթե չեն պահպանվում, իսկ դրանց աղավաղումը հանցագործություն է. Ստեփան Գևորգյան
Ժողովրդական արվեստների միջազգային միության Հայաստանի ազգային մասնաճյուղի գլխավոր քարտուղար, Հայաստանի ազգային պարարվեստի միության գլխավոր քարտուղար, «Բերդ» պարային համույթի տնօրեն, Պարարվեստի համաշխարհային խորհրդի անդամ Ստեփան Գևորգյանը Պարի համաշխարհային օրվա առթիվ Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր մտահոգությունները, ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիների՝ իր առաջարկները:
-Կարծիք կա, որ այսօր հայկական պարարվեստում նոր բեմադրությունները պակասում են:
-Չլինելով բեմադրիչ՝ չեմ դժվարանում այդ հարցին պատասխանել. կարող եմ հերքել այդ կարծիքը: Միշտ էլ եղել են, կան և կլինեն նոր բեմադրություններ: Գուցե մասնակիորեն համաձայնեմ. իրավիճակն այնպիսին չէ, որ բացարձակ չկան նոր բեմադրություններ, բայց կարող եմ համաձայնել, որ քիչ են:
Ենթադրում եմ, որ խոսքն այն համույթների մասին է, որ ի սկզբանե նման խնդիր ունեն: Նոր բեմադրությունը բավական ծախսատար աշխատանք է, նաև՝ մեծ ֆինանսներ է պահանջում, գուցե նաև՝ այսօրվա իրականության հետ կապ ունի: Ինչ վերաբերում է «Բերդ» պարային անսամբլին, մենք նոր բեմադրություններ ունենք:
-Իսկ այսօր ոլորտում հին հայկական պարերի հավաքչությամբ զբաղվողներ կա՞ն:
-Նման աշխատանքով այսօր ավելի շատ զբաղվում է պարարվեստի գործիչ Կարեն Գևորգյանը, պարզապես այդ դաշտում շատ լուրջ կորսված պարեր գրեթե չկան, կարծես թե ամբողջական աշխատանքները կատարվել են: Բայց դրանք, իհարկե, շարունակական աշխատանքներ են:
-Պարային նոր տարազների մեջ արդյո՞ք նկատում եք ժամանակի շունչը:
-Ես համարում եմ հանցագործություն, որ այսօր ցանկացած, նույնիսկ՝ ինքնուս «պարուսույց», մարդ, որը չունի պարարվեստի պրոֆեսիոնալ կրթություն, ընդամենը մի քանի տարի սիրողական պարելով, ինքն իրեն հայտարարելով պարուսույց, զբաղվում է պարային մանկավարժությամբ՝ դեռ բավական չէ, նաև փորձում է հայկական տարազներ մտածել՝ պարզապես մի քանի մետր կտոր առնելով և հորինելով: Դա հանցագործություն է: Չի կարելի: Մենք ցույց ենք տալիս ճիշտ ճանապարհը, բայց, ցավոք, ձայն բարբառո հանապատի: Ցանկացած ղեկավար որոշում է, որ դա տարազ է, բայց ինչպե՞ս կարող է դա տարազ լինել, եթե այն պարզապես հագուստ է՝ երեկոյան կամ ցերեկային:
Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է հետևյալ որոշումը. մշակույթի նախարարությունը պիտի ունենա տարազագիտության բաժին, որտեղ պիտի լինեն համապատասխան ղեկավարները, արհեստավարժ նկարիչները, տարազագետները: Ցանկացած նոր ստեղծվող տարազ պետք է հաստատվի համապատասխան բաժնում, դիմում-թույլտվություն ունենա: Հակառակ պարագայում ստացվում է, որ ցանկացած մեկը կարող է իր պարի խմբի հագուսները ներկայացնել որպես ազգային տարազ:
-Իսկ որքանո՞վ են պահպանվում ազգային տարազները և հիմնականում ի՞նչ փոփոխությունների են ենթարկվում:
-Կարելի է ասել, որ ընդանրապես չեն պահպանվում: Լուրջ ազգագրական համույթներում են որոշակի չափով պահպանվում, իսկ մանկապատանեկան համույթներում, ցավոք, գրեթե չեն պահպանվում: Պրոֆեսիոնալ խմբերի մոտ դեռևս որոշակիորեն ազգային տարազի ընկալումը, գիտակցումը կա, իսկ այդ մանկապատանեկան համույթներում ո´չ միայն չեն պահպանվում, այլ նաև՝ աղավաղվում են, և իրենք ներկայանցում են ամեն ինչ, բացի տարազից:
-Պարի համաշխարհային օրվա կապակցությամբ ի՞նչ կասեք:
-Շնորհավորում եմ պարարվեստի բոլոր գործիչներին, նվիրյալներին՝ Պարի համաշխարհային օրվա առթիվ: Ասեմ նաև, որ «Բերդ» պարային անսամբլը հրավիրված է Պարի համաշխարհային կոնգրեսին:










