Scorpions խմբի թմբկահարը ձերբակալվել է Դուբայում՝ իսլամը վիրավորելու համար

17:14 • 29.04.14

Scorpions խմբի թմբկահար Ջեյմս Կոտակը ձերբակալվել է Դուբայում և դատապարտվել 1-ամսյա ազատազրկման՝ իսլամը վիրավորելու համար, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Էմիրության The National թերթին։

 

Վճիռն ուժի մեջ է մտել երեքշաբթի առավոտյան: Ազատազրկման պատճառը երաժշտի վարքն է եղել ապրիլի 3-ին Մոսկվայից Դուբայ ավիաթռիչքի ժամանակ: Երաժիշտն այնտեղից պետք է Բահրեյն մեկներ, որտեղ իր խումբը պետք է ելույթ ունենար «Ֆորմուլա-1»-ի ժամանակ, սակայն ձերբակալվել է Դուբայի օդանավակայանում:

 

Ինչպես գրում է թերթը, երաժիշտն անպարկեշտ ժեստեր է ցույց տվել մուսուլման ուղևորներին և ալկոհոլ է օգտագործել:

Ազատազրկումից հետո երաժիշտը կարտահանձնվի հայրենիք: Դատի ժամանակ մեղադրյալը հերքել է, որ իր պահվածքով վիրավորել է մուսուլմաններին, սակայն ընդունել է ալկոհոլի օգտագործումը: Երաժշտի փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդը չէր ցանկանում դատապարտելի արարք անել, այլ ընդամենը ցանկանում էր ցույց տալ իր մեջքի դաջվածքը։