Ռուսական «Զերկալո» կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Ֆանի Արդանը

09:19 • 30.04.14

Ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը կդառնա Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» 8-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը, որը կանցկացվի հունիսի 10-15-ը ՌԴ Իվանովի շրջանում, հայտնում է РИА Новости-ն։

 

Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև պորտուգալացի դերասանուհի Իզաբել Ռութը, «Կինոտավր» փառատոնի ծրագրային տնօրեն Սիտորա Ալիևան, ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Հայդի Ջո Մարկելը և ռեժիսոր Միրա Ֆորնացը՝ Սլովակիայից։

 

Փառատոնի ծրագրային բաժնի տնօրեն Անդրեյ Պլախովը հայտնել է, որ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար այս տարի մրցանակ կստանա ռեժիսոր և սցենարիստ Կոնստանտին Լոպուշանսկին։

 

Անդրեյ Տարկովսկու անվան փառատոնն անցկացվում է 2007-ից ի վեր, ռեժիսորի հայրենի Իվանովի շրջանում։ Յուրաքանչյուր տարի փառատոնում ցուցադրվում է մոտ 150 ֆիլմ, անցկացվում է ավելի քան 50 ստեղծագործական երեկո, միջոցառումներին մասնակցում է մոտ 25.000 մարդ։