Եվրոպայում իտալական կինոյի «ոսկե դարին» նվիրված ցուցադրություն կանցկացվի (լուսանկարներ)

09:33 • 30.04.14

Եվրոպայում ապրիլի 30-ին կբացվի միաժամանակ երկու խոշոր ցուցադրություն՝ նվիրված իտալական կինոյին, հայտնում է buro247.ru-ն։

 

Լոնդոնի Estorick Collection թանգարանի ցուցադրությունն ընդգրկում է նրա «ոսկե դարը», իսկ Վիեննայի Ալբերտինա թանգարանն իր ցուցադրությունը ներկայացնում է Միքելանջելո Անտոնիոնիի «Blowup» հայտնի ֆիլմի հիման վրա։

 

1950-1960-ական թթ. իտալական կինոն ծաղկման շրջան էր ապրում. այդ տարիներին հայտնվում են հանրահայտ հեղինակների՝ Միքելանջելո Անտոնիոնիի, Պյեր Պաոլո Պազոլինիի և Ֆեդերիկո Ֆելինիի լավագույն ֆիմերը։ Իտալիա էին գալիս հոլիվուդյան կինոաստղեր՝ Ջոն Ուեյն, Չարլթոն Հեսթոն, Լորեն Բակոլ և Լիզ Թեյլոր։

 

Երեկոյան իտալական կինեմատոգրաֆի ողջ ծաղկաբույլը տեղափոխվում էր ռեստորաններ և բարեր, որտեղ պապարացիները հետևում էին Ալեն Դելոնին, Կիրկ Դուգլասին և Օդրի Հեփբերնին։

 

Հենց «պապարացի» տերմինն առաջացել է իտալական կինոյի «ոսկե դարում»՝ այդպես անվանում էին Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի կերպարներից մեկին, ով դառնում է հռոմեացի շատ ֆոտոլրագրողների նախատիպը։

 

Նրանց թվին է պատկանում Մարչելո Գեպետին, ում արխիվում կա ավելի քան մեկ մլն լուսանկար, որոնցից շատերը կցուցադրվեն Լոնդոնում։