Մոնսերատ Կաբալյեն կասկածվում է հարկերը չվճարելու համար
Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն կարող է հայտնվել դատարանում, հայտնում է newsru.com-ը։
Բարսելոնայի դատական մարմինները կասկածում են երգչուհուն ավելի քան կես մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար։
Նախօրեին դատարանը դիտարկման է ընդունել հայտնի երգչուհու դեմ ներկայացված դատախազության հայցը. նա արդեն մայիսի 9-ին կանչվել է դատարան՝ ցուցմունք տալու։
Դատախազության տվյալներով՝ Կաբալյեն 2010-ին պայմանագրեր է ձևակերպել Մոսկվայում, Բարսելոնայում և Ժնևում իր համերգների համար Անդորայում գտնվող ընկերության միջոցով, որտեղ նա գրանցում ունի։ Սակայն նա հիմնականում ապրում է Բարսելոնայում, այդ պատճառով էլ, ըստ քննության, երգչուհին պետք է հոնորարներից եկամտահարկի վերաբերյալ հայտարարագիր ներկայացներ Իսպանիայում, այլ ոչ Անդորայում։
Դատախազության հայցում ներկայացված է, որ Կաբալյեն նման գործողություններ ձեռնարկել է հարկերից խուսափելու համար։ Գումարը, որը նա պետք է վճարի գանձարան, գերազանցում է 508.000 եվրոն։ Դատախազությունը պահանջել է ժամանակավորապես սառեցնել երգչուհու կարողությունը և բանկային հաշիվները։










