Մոնա Լիզայի ինքնությունը կհաստատեն ԴՆԹ հետազոտության արդյունքում

01:25 • 30.04.14

Իտալացի գիտնականները որոշել են վերջ դնել Մոնա Լիզայի ինքնության հարցի շուրջ տեղի ունեցող բանավեճերին:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ հայտնի վարկածի համաձայն՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը Լիզա Գերարդինիի՝ ֆլորենցիացի մետաքսի առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ դիմանկարն է:


Այս տեսությունը հաստատելու նպատակով գիտնականները մտադիր են արյան ԴՆԹ հետազոտություն անցկացնել՝ ԴՆԹ նմուշներ վերցնելով Ջոկոնդո տոհմի ընտանեկան դամբարանից, որը գտնվում է Սանտիսիմա-Աննունցիատա բազիլիկում:


Մարդաբաններ Ջորջիո գրուպիոնին և Անտոնիո Մորետին ԴՆԹ նմուշները կհամեմատեն Տոսկանիայի մայրաքաղաքի վանքերից մեկում վերցված նմուշների հետ, որտեղ XVI դարում մահացել է Լիզա Գերարդինին:


Ոսկորները, որոնցից վերցվել են փորձաքննության համար անհրաժեշտ նմուշները, պեղվել են 2012-ին: Սանտիսիմա-Աննունցիատայում գտնվող ընտանեկան դամբարանը պարունակում է Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի և նրանց երկու երեխաների մասունքները:


Այժմ կմախքի մաս կազմող ոսկորի ԴՆԹ-ն կհամեմատեն Ջոկոնդոյի երեխաների ԴՆԹ-ի հետ, ինչից հետո ճշտությամբ հնարավոր կլինի եզրակացություն անել, թե արդյո՞ք Լեոնարդոյի մոդելը Լիզա Գերարդինին է եղել:


«Մոնա Լիզա» կտավը, որը նկարվել է 1503-1505 թվականներին, այժմ գտնվում է Փարիզի Լուվրի թանգարանում: