Մայիսի 3-ին Տաթևի հովտում կանցկացվի «Ոչխարների խուզում» փառատոնը

12:26 • 30.04.14

Մայիսի 3-ին, Տաթևի հովտում` «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում տեղի կունենա «Ոչխարների խուզում» փառատոնը, որի գլխավոր նպատակներից է Տաթևի համայնքների հանրային, տնտեսական, մշակութային, հանգստի և քաղաքացիական գործունեության կարողություններ ձևավորելը։ Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի համակարգող Դավիթ Կարապետյանը։


Փառատոնը կազմակերպվում է «Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների աջակցությամբ։


Փառատոնի ընթացքում այցելուները կվայելեն ավանդական կերակուրներ, երեխաների համար զվարճանքի միջոցառումներ, կենդանի երաժշտություն, պար, սպորտ, կդիտեն ժողովրդական արվեստի նմուշների և կարպետագործության ցուցադրություն և այլն։ Փառատոնի ընթացքում իր երաժշտական կոմպոզիցիաներով հանդես կգա DJ Վակցինան, իսկ «Կարին» ազգագրական երգի և պարի համույթը ազգային պարարվեստի դասեր կանցկացնի ցանկացողների համար։


Ինչպես նշեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը, «Ի տարբերություն օտարերկրյա նմանատիպ փառատոնների, Հայաստանում այս փառատոնը կկազմակերպվի հայկական մշակույթի համադրմամբ: Այցելուների համար Հալիձոր ու մերձակա համայնքների բնակիչները կցուցադրեն վաղեմի մոռացված ավանդույթներ, ոչխարի պատկերով ու խորհրդանիշերով ձեռագործ աշխատանքներ, կարպետագործություն։ Բավական գեղեցիկ կերպով կներկայացվի թելի ստեղծման պատմությունը, ազգային երգն ու պարը, տեղի կունենան մրցույթներ, շրջայցեր դեպի զբոսաշրջային գոտի, Տաթևի վանք: Հյուրերը հնարավորություն կունենան սավառնելու աշխարհի ամենաերկար ՏաԹևեր ճոպանուղով։ Նպատակ ունենք փառատոնը դարձնել ամենամյա»։


Հայաստանում Նորվեգիայի Թագավորության Պատվավոր Հյուպատոս և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթը հավելեց, որ «Ոչխարների խուզում առաջին տարեկան փառատոնի հաջողությունը մեծապես կախված կլինի կազմակերպիչների եռանդից և լավատեսությունից՝ համակված Տաթևի հովտի առավել բարվոք տնտեսական ապագայի տեսլականով։ Տաթևի հովիտը մեծ հեռանկար ունի սրընթաց տնտեսական աճի համար, իսկ այս փառատոնը փարոս կհանդիսանա հաջողության ճանապարհին»։


Նշենք, որ «Ոչխարների խուզում» փառատոներ անց են կացվում ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում և այլուր։ Առաջարկվել է ոչխարների խուզումը, որպես սպորտաձև ներառել Օլիմպիական խաղերի կազմում։ «Ոչխարների խուզում» փառատոնի հովանավորներն ու աջակիցներն են Կիլիկիա գարեջրի գործարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն (SDA), «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը» (SDC) և «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC)։