ԱՄԷ-ում լողափին հանգստացողների համար գրադարան է բացվել

15:11 • 03.05.14

Արաբական Միացյալ Էմիրությունների շատ բնակիչներ և հյուրեր ժամանակի մեծ մասն անցկացնում են լողափին։ Սակայն իշխանությունները կարծում են, որ հանգստի նման տեսակը չի նպաստում մտավոր զարգացմանը և որոշել են «շտկել» այդ սխալը։ Արևի և ավազի սիրահարները կարող են չանհանգստանալ գիրքը տանը մոռանալու համար, քանի որ այժմ նրանք կարող են օգտվել հատուկ լողափային գրադարաններից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Նման հաստատություն առաջինը բացվել է Աբու Դաբիի կենտրոնում՝ ընտանեկան լողափին։ Գրադարանում հատուկ տեղ են զբաղեցնում ԱՄԷ-ի պատմությանը և մշակույթին նվիրված գրքերը, ինքնակենսագրական հրապարակումները, լուսանկարների ալբոմները։ Հասանելի են համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները, մանկական գրքերը։ Բացի այդ, այցելուները կարող են օգտվել ամենաժամանակակից համակարգիչներից և պլանշետներից։

 

«Հարցվածների ավելի քան 90%-ն աջակցում է նման գրադարանների ստեղծմանը։ Գրադարանի վայրում նախկինում խանութ էր։ Այժմ մարդիկ կարող են ոչ միայն արևայրուք ընդունել, այլև գիրք կարդալ»,- ասել է Աբու Դաբիի բնակիչ Ադել ալ Ռաբիաան։

 

Էմիրության իշխանությունները մտադիր են ստեղծել նման «կրթական կետերի» մի ամբողջ ցանց։