Միկոյանի արձանը տեղադրելու հասարակական պատվերի հեղինակը նրա ընտանիքն է

15:12 • 06.05.14

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի գնահատմամբ՝ մայրաքաղաքում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հասարակական պատվեր կա, եթե նկատի ունենանք, որ մարդու ընտանիքի դիմումը ևս կարող է դիտարկվել որպես հասարակական պատվեր, ինչը օրենքի շրջանակներում:


Tert.am-ի հարցին, թե, ի վերջո, ի՞նչ հասարակական պատվերով է առաջնորդվել՝ Երևանի ճարտարապետ Տիգրան Բարսեղյանըm, երբ առաջարկել է տեղադրել Անասատաս Միկոյանի արձանը, Արթուր Գևորգյանն ասաց. «Լինի փողոցի անվանակոչում, լինի հուշատախտակի ձևավորում, արձանի, կիսանդրու տեղադրում, նմանատիպ բաները, այո՛, որոշակի հասարակական շրջանակների կողմից պահանջարկի արդյունքում են լինում»:


Վետերանների խորհուրդ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, սոցիալիաստական տարբեր կուսակցություններ, Մոսկվայի քաղաքապետարան, ՌԴ իշխանություններ. ըստ Արթուր Գևորգյանի, այս շրջանակներից և ոչ մեկը չկա հասարակական պատվերի շրջանակում, որ այն ներկայացրած լիներ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին: Ի պատասխան հարցի, թե այդ դեպքում որ շրջանականերն են, Արթուր Գևորգյանը մատնանշեց Միկոյանի ընտանիքի շառավիղներին:


«Միկոյանների ընտանիքը առնվազն 15 շառավիղ ունի, նրանք բոլորը՝ և՛ Եվրոպայում, և՛ ՌԴ-ում կապ են հաստատել գլխավոր ճարտարապետի հետ և ցանկություն են հայտնել՝ հաշվի առնելով Միկոյանի քաղաքական դերակատարումը, նշանակությունը, որ նրա արձանը լինի նաև Երևանում»,- մանրամասնեց Արթուր Գևորգյանը:


Ըստ նրա եթե որոշում լինի Երևանում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, ապա կտեղադրվի Սանահինում՝ Միկոյանների ծննդավայրում տեղադրված նրա արձանի պատճենած տարբերակը:


Արթուր Գևորգյանը, սակայն, հղում արեց Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանին, ով չէր բացառել, որ եթե հասրակությունը ծանրակշռիկ պատճառներով Անաստաս Միկոյանին «կդասակարգի, կձևակերպի, որպես ազգի դավաճան», ապա այդ դեպքում Երևանի ավագանին ևս կվերանայի իր որոշումը։