‹‹Միջազգային պատկերասրահ›› փառատոնին կհնչեն Հենդել, Վիվալդի, Մոցարտ, Ռոսինի

15:34 • 06.05.14

‹‹Միջազգային պատկերասրահ›› միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնը Երևանում այս տարի կմեկնարկի մայիսի 7-ին և կտևի մինչ հունիսի 3-ը: Փառատոնի բացմանը կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները։


Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ ցանկանում է հատուկ նշել Հոգևոր երաժշտության երեկոյի մասին, որը տեղի կունենա Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում:


«Երաժշտության ներքո որմնանկարները շունչ են առնում: Հաճախ հանդիսատեսը մեզ ասում է` որմնանկարները շարժվում են: Շնորհակալ եմ Փարավան Միրզոյանին, որ տրամադրեց մեզ այդ շքեղ դահլիճ-սրահը››,– ասաց նա:

Մարիամ Շահինյանը նաև նշեց, որ այս տարին կամփոփի իրենց տասը տարվա աշխատանքը.‹‹ Այս անգամ մեր փառատոնը իր խոսքը կասի, թե ինչ ենք արել այս տարիների ընթացքում: Սպասում ենք ծափահարությունների ու դրական արձագանքների տարափ››:


Դաշնակահար Հայկ Մելիքյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, ասաց, որ փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև իր ձայնասկավառակի շնորհանդեսը։
 

‹‹Փառատոնին մասնկացել եմ շատ անգամ, բայց այս տարի յուրահատուկ են կատարումներս այնքանով, որ ինձ հնարավորություն է տրվել ներկայացնել հրեա կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի հյուրն է կոմպոզիտոր Վիլլի Վայները››,– ասաց դաշնկահարը:


Փառատոնը նախատեսում է 6 երեկո` «Փառատոնի բացում», ‹‹Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկներ››, ‹‹Հոգևոր երաժշտության երեկո››, ‹‹Վոկալ երաժտության երեկո (նվիրված Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին)››, ‹‹Հայ-հրեական խաչմերուկներ›› և ‹‹Փառաոտնի փակում››:


Փառատոնը հիմնադրվել է 2005 թ.-ին: Փառատոնի շրջանակներում ներկայացվում են հանրահռչակ երաժշտական կատարումներ` հայազգի և օտարազգի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: