Երուսաղեմում հայտնաբերվել է Դավիթ արքայի ամրոցը. իսրայելցի հնագետ
Երուսաղեմում հայտնաբերվել է բիբլիական Դավիթ արքայի ամրոցը։ Նման սենսացիոն հայտարարություն է արել իսրայելցի հնագետ Էլի Շուկրոն, փոխանցում է ДНИ.ru-ն։
Գիտնականը հայտարարել է, որ Երուսաղեմում պեղումների ընթացքում իրեն հաջողվել է գտնել լեգենդար միջնաբերդը, որը նվաճել էր Դավիթ արքան՝ մոտ 3.000 տարի առաջ Երուսաղեմը գրավելիս։
«Դա Դավիթ արքայի միջնաբերդն է, դա Սիոնի միջնաբերդն է, այն, որը Դավիթը խլել է յեբուսացիներից (նախահրեական բնակիչներ, որոնք հիմնել են Երուսաղեմը)»,- հայտարարել է Շուկրոն։
Գիտնականը վաղուց է պեղումներ անում Դավթի քաղաքում՝ Երուսաղեմի հնագույն բնակավայրում։ «Ես գիտեմ ամեն մի փոքրիկ մասնիկ Դավթի քաղաքում։ Ես չեմ տեսել նման հսկայական կառույցներով մեկ այլ վայր»,- ասել է Շուկրոն։
Հնագետը պարզել է, որ պաշտպանական պատերը կառուցվել են մոտ 3800 տարի առաջ՝ Դավիթ արքայի գրավումից 800 տարի առաջ։
Շուկրոնի սենսացիոն հայտարարությունը, այնուամենայնիվ, քննադատություն է առաջացրել մի շարք մասնագետների շրջանում։ Թեև Իսրայելում հնագետների մեծամասնությունը չի հերքում Դավիթ արքայի գոյությունը, սակայն վիճում են տարբեր ճարտարապետական օբյեկտների՝ լեգենդար առաջնորդի ժամանակաշրջանին պատկանելության շուրջ։










