Գիտնականները Պերուում հայտնաբերել են մոտ 2500 տարի առաջ կառուցված աստղագիտական համալիր
Գիտնականները Պերուում՝ Չինչա Ալտա քաղաքի շրջակայքում, հայտնաբերել են աստղագիտական համալիր, որը կառուցվել է ավելի քան 2500 տարի առաջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան National Academy of Sciences Report ամսագրին։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի համալսարանի հետազոտող Չարլզ Ստանիշի գլխավորությամբ հնագետների միջազգային խումբը փաստագրել է գեոգլիֆների 71 գիծ (հողի վրա արված երկրաչափական կամ ձևավոր նախշեր), որոնց հարևանությամբ հայտնաբերվել է 5 ձեռակերտ ժայռ։ Այդ կառույցները, ըստ գիտնականների, Նոր աշխարհի բնիկները օգտագործել են աստղագիտական նպատակներով։
Հնագետների վարկածի համաձայն՝ համալիրը ծառայել է որպես աստղադիտարան և, հավանաբար, միևնույն ժամանակ մշակութային օբյեկտ է համարվել։ Ստանիշը ենթադրում է, որ նման կառույց ստեղծելու համար չի պահանջվել ոչ հատուկ գիտելիքներ, ոչ մեծ ջանքեր։
Հնագետները կարծում են, որ հայտնաբերված նախշերը վերաբերում են Պարակաս մշակույթի ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. 400-100թթ.։










