5 երգ, որոնցից հարկավոր է «զգուշանալ» «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչում. Արամ MP3-ի երգը ներառված է ցանկում
Բրիտանական Metro պարբերականը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ընդառաջ ներկայացրել է առաջին կիսաեզրափակչին մասնակցող երգերից 5-ը, որոնք, ի տարբերություն մյուսների, եզրափակչում հայտնվելու առավել մեծ շանսեր ունեն։
Աղբյուրի ներկայացրած 5-յակում տեղ է գտել նաև մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ի Not Alone երգը, որին հաջորդում են Շվեդիայի ներկայացուցիչ Սանա Նիլսենի Undo, Հունգարիայի ներկայացուցիչ Անդրաս Կալայ Սանդերսի Running, Բելգիայի ներկայացուցիչ Աքսել Հիրսուքսի Mother, Նիդեռլանդների ներկայացուցիչ Common Linnets դուետի Calm After The Storm երգերը։
Արամ MP3-ի երգի մասով աղբյուրը նշում է, որ Not Alone-ը ոչ միայն «Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչի ֆավորիտներից է, այլև մրցույթում հաղթանակի գլխավոր հավակնորդներից մեկը։
Նշվում է, որ այսօրվա կիսաեզրափակչին մասնակցում է 16 երկիր, որից 10-ը հայտնվելու են եզրափակչում։ Հիշեցնենք, որ մեր մասնակիցը հանդես է գալու այսօր՝ 1-ին համարի ներքո։










