Ճանաչենք, նմանվենք. մեծարման միջոցառում՝ նվիրված գեներալ Դալիբալթայանին (տեսանյութ)
Մայիսյան հաղթանակներին ընդառաջ Երևանի թիվ 181 ընդհանուր դպրոցում այսօր տեղի ունեցավ Շուշիի ազատագրման մասնակից, ծնունդով ջավախեցի գեներալ Գուրգեն Դալիբալթայանին նվիրված մեծարման միջոցառում:
Միջոցառման ժամանակ հանրությանը ներկայացվեց նաև գեներալին նվիրված «Կաթիլք» բանաստեղծությունների ժողովածուն, որի հեղինակը նույնպես ծնունդով ջավախեցի Խանում Եղոյանն է:
«Մինչև ուզեցի…
Մինչև ուզեցի ապրել,
Մինչև ուզեցի ապրել առանց Արմատի,
Մինչև ուզեցի ապրել առանց Արմատիս, ցավի ու խնդիր,
Արևն արդեն թռել էր…
Արևն արդեն թռել էր երդիկիցս»:
Երևանի թիվ 181 ընդհանուր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Խանում Եղոյանի բանաստեղծությունից մի հատված է՝ նվիրված Հայոց բանակի նահապետին՝ Գուրգեն Դալիբալթայանին:
«Նրանցով ճանաչենք ինքներս մեզ, նմանվենք մեր գեներալներին, ճանաչենք, նմանվենք, մեծարենք»,-իր սաներին խորհուրդ տվեց Խանում Եղոյանը:
Մեծարման միջոցառմանը ներկա էր նաև պատմաբան Աշոտ Մելքոնյանը: «Իր ծննդավայրը սիրելով՝ նա չէր կարող իր մեծ երկիրը չսիրել: Մենք սիրում ենք մեր փոքրիկ հայրենիք Ջավախքը, այդ համահայկական սիրո և մտածողության մղումի առկայությունն այս պատանիների մոտ պետք է արմատավորվի»,-ասաց նա:
Նշենք, որ միջոցառմանը նախապես պլանավորված էր, որ ներկա կլինի նաև գեներալը, սակայն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկա լինել: Եվ, ինչպես դպրոցի տնօրենը փոխանցեց, նախատեսում են միջոցառումը կրկնել:










