Մեծ Բրիտանիան հրապարակել է Չերչիլի 95 տարվա վաղեմության հրամանները
Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, համաձայն որոնց Ուինսթոն Չերչիլը 1920-ին, լինելով բրիտանական կառավարության ռազմական նախարար, հրամայել է մանանեխի գազ օգտագործել՝ Միջագետքում արաբների ապստամբությունը ճնշելու համար, հայտնում է segodnya.ua-ն։
Փաստաթղթերից հետևում է, որ Չերչիլը հեռագրերում հրամայել է ապստամբների դեմ մանանեխի գազով հազարավոր ռումբեր օգտագործել, որոնք պահպանվել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
«Եթե գազային ռումբերը հասանելի լինեն տեղում կամ անհրաժեշտ լինի բերել, անկասկած, դրանք պետք է կիրառվեն՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու համար։ Գլխավոր համանատարը պետք է պաշտպանի իր դիրքերը, ինչպիսի զենք էլ որ ունենա»,- գրել է Չերչիլը՝ բրիտանացի գլխավոր հրամանատար Պերսի Կոքսին ուղղված հեռագրում։
Համաձայն արխիվների՝ այդ պահին բրիտանական բանակը Միջագետքում ունեցել է 19.500 գազային ռումբ, հետագայում հրամանատարները պահանջել են Եգիպտոսից լրացուցիչ 15.000 ռումբ բերել։
«Չեմ հասկանում գազի օգտագործման հանդեպ եղած տհաճությունը։ Ես ամեն կերպ աջակցում եմ թունավոր գազի կիրառմանը ոչ քաղաքակիրթ ցեղերի հանդեպ»,- հայտարարել է Չերչիլը հեռագիրը գրելուց մեկ տարի առաջ։
Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ջորջ Գալոուեյը նշել է, որ այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը շատ չի փոխվել գրեթե 100 տարվա ընթացքում, և մենք դեռևս վարվում ենք արաբների և քուրդերի հետ այնպես, ինչպես այն ժամանակ»։ «Դա ռազմական հանցագործություն է, և մեր օրերում այն այդպես կընդունվեր, սակայն հաղթողներին չեն դատում»,- ասել է պատգամավորը։










