Ուկրաինան Կաննի 67-րդ կինոփառատոնում 8 ֆիլմ կներկայացնի, այդ թվում`Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»

00:28 • 08.05.14

Կաննի 67-րդ կինոփառատոնին տարբեր ծրագրերի շրջանակում 8 ուկրաինական ֆիլմ կներկայացվի: Այս մասին գրում է Lenta.ru-ն` УНН գործակալությանը հղումով` նշելով, որ ոչ մի երկիր դեռևս այդ քանակությամբ կինոնկարներ չի ներկայացրել փառատոնի շրջանակում:


Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ` որպես Ուկրաինայի «համն ու հոտը»՝ երկիրը Cannes Classics ծրագրում կներկայացնի Սերգեյ Փարաջանովի` 1968-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանած և վերջերս Իտալիայում վերականգնված «Նռան գույնը» ֆիլմը:


Կինոփառատոնին կներկայացվի նաև Սերգեյ Լոզնիցայի Մայդանի մասին ֆիլմը: 8 ֆիլմերից 5-ը կարճամետրաժ է և կցուցադրվի Short Film Corner ծրագրում:


Հիշեցնենք, որ Կաննի 67-րդ ամենամյա կինոփառատոնը կբացվի մայիսի 14-ին և կտևի մինչ մայիսի 25-ը: