Վիկտոր Ցոյի պատը «կտեղափոխեն» համացանց
Համացանցում կհայտնվի հայտնի երաժիշտ Վիկտոր Ցոյին նվիրված նոր կայք, որը կպատկերի Մոսկվայի Ստարի Արբատ փողոցում երաժշտին նվիրված իրական պատը։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, բոլոր ցանկացողները կկարողանան դրա վրա իրենց գրությունները թողնել։ Ուշագրավ նախաձեռնության հեղինակն է քանդակագործ Ելենա Ասեևան, ում խոսքով՝ նման կայք ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել է, երբ ինքը տեղեկացել է, որ իրական պատը պատրաստվում են քանդել։
«Գոնե վիրտուալ տարածությունում Ցոյի երկրպագուների համար սուրբ վայրը պահպանելու նպատակով ես որոշեցի ստեղծել այնպիսի կայք, որն իր տեսքով նման է լինելու իրական պատին։ Դրա վրա գրվող բոլոր հաղորդագրությունները պահվելու են կայքում՝ ի տարբերություն իրական պատի, որը ժամանակ առ ժամանակ չինովնիկներն ու վանդալները ներկում են»,- ասել է Ասեևան։
Նշվում է, որ կայքը կգործարկվի երաժշտի մահվան օրը՝ օգոստոսի 15-ին։










