Իհարկե՛, այլևս այդ թատրոն չենք հաճախի. 114 դպրոցի տնօրենը՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի միջադեպի մասին

12:41 • 11.05.14

Երևանի Խաչիկ դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դպրոցի աշակերտների և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների միջև տեղի ունեցած միջադեպին՝ հիշեցրեց պատմությունը՝ նշելով, թե երեխաները մի փոքր աղմկել էին, դերասանն էլ բեմից իջել ու վիրավորել էր երեխաներին՝ ասելով, թե այս ոչխարներին ո՞վ է բերել՝ լցրել այստեղ:

Թատրոնի տնօրեն Հայկ Խերանյանը միջադեպից հետո ասել էր, թե այսուհետ իրենք չեն ընդունի այդ դպրոցի սաներին, ինչին Ռուզաննա Կոստանյանն արձագանքեց. «Այսի՞նքն, ի՞նչ է նշանակում, որ մեր դպրոցը որոշի այդ թատրոնից տոմս վերցնել՝ արգելված ա, հա՞»:

Տնօրենը նաև հավելեց, թե այդ մասին առաջին անգամ է լսում: «Բայց մենք, իհարկե՛, այլևս այդ թատրոն չենք հաճախի: Տարին մեկ-երկու անգամ են ներկայացում գնում երեխաները: Ես կստուգեմ, ձեզանից լսեցի, եթե այդպես է, այլևս չենք գնա: Այդ թատրոնով չսահմանափակվեցին քաղաքի թատրոնները»,-ասաց Ռուզաննա Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում «Արտիստը» ներկայացման ժամանակ Երևանի թիվ 114 դպրոցի աշակերտները ներկայացման ընթացքում խանգարել էին դերասաններին: Վերջիններս մի քանի անգամ դադարեցրել են ներկայացումը և աշակերտներին խնդրել, որպեսզի իրենց թույլ տան աշխատել, ինչից հետո աշակերտների և դերասանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: