Նա թողեց բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք կմնան երաժշտության գանձարանում. հրաժեշտ Կոնստանտին Օրբելյանին
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունն այսօր տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահից. նրա աճյունը ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում:
«Մենք կորցրինք հայկական երաժշտարվեստի գիգանտներից ևս մեկին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը՝ նշելով, թե ինքն ասում է երաժշտարվեստ, ոչ թե երգարվեստ, որովհետև, նրա խոսքով՝ Օրբելյանն առաջին հերթին մեծ երաժիշտ էր, որը գրում էր բոլոր ժանրերում:
Երվանդ Երզնկյանի խոսքով՝ մեծանուն կոմպոզիտորը թողեց մեր ժողովրդին բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ երգեր, որոնք կմնան երաժշտության գանձարանում:
«Նրա երգերը սիրում և երգում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ երկրագնդում: Թեպետ մենք կորցրինք Կոնստանտին Օրբելյանին, բայց նրա ստեղծագործություններն այնպիսինն են, որ նա միշտ մեզ հետ կլինի, միշտ՝ կենդանի»,-ասաց Երվանդ Երզնկյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանն էլ նշեց, թե Կոնստանտին Օրբելյանը երևույթ էր:
«Ես չգիտեմ՝ ևս մեկ Օրբելյան կհայտնվի՞: Թե՛ կամքի ուժը, թե՛ ստեղծագործական տաղանդը, թե՛ կազմակերպչական ընդունակությունները, թե՛ 36 տարի շարունակ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, թե՛ առաջինը լինել և ողջ աշխարհում ներկայացնել հայ էստրային երգն ու երաժշտությունը. չգիտեմ, կլինի՞, թե՞ չի լինի նոր Օրբելյան, բայց նա կա»,-ասաց Մարտին Վարդազարյանը:
Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով կատարում է Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությունները՝ ասաց, թե ոչ միայն հայ ժողովրդի, այլ՝ ամբողջ Խորհրդային միության ժողովրդի համար էր սա մեծ կորուստ:
«Այս մասշտաբի երաժիշտ, կոմպոզիտոր ու մարդ ես չեմ տեսել: Նա սովետական էստրադային նվիրեց մի լուսավոր ժամանակաշրջան՝ անկրկնելի ստեղծագործություններով»,-նշեց երգիչը:
Մեծանուն կոմպոզիտորին վերջին հրաժեշտը տալու էին եկել ինչպես նրա ստեղծագործությունների բազմաթիվ երկրպագուները, այնպես էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարարը, պատգամավորներ և այլք:
Կոնստանտին Օրբելյանը մահացել էր ապրիլի 24-ի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում: Հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:
Կոմպոզիտորների միության կայքում նշվում է, որ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:
1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակարդեոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հանդես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ:
1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:










