«Ապացուցի՛ր, որ դու Կոնչիտա չես». Instagram-ի ռուս օգտատերերը ֆլեշմոբ են անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Instagram-ի ռուս օգտատերերը ակտիվորեն մասնակցում են «Ապացուցի՛ր, որ դու Կոնչիտա չես» ֆլեշմոբին, հայտնում է Газета-ն՝ հղում անելով m24 պորտալին։
Ակցիայի մասնակիցները տեղադրում են սոցկայքում իրենց սափրվելու գործընթացը պատկերող լուսանկարներ։ «Մորուքների նման զանգվածային սափրում դեռ չէր եղել Պետրոս Առաջինի ժամանակներից ի վեր։ Ընդ որում՝ ակցիային մասնակցել են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք»,- գրում է պորտալը։
Ֆլեշմոբի հեղինակն է մոսկվացի ռեփեր Ալեքսանդր Ստեփանովը, ում միացել են արդեն շոու բիզնեսի այլ հայտնի դեմքեր։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարվել նախ մորուքով, ապա առանց դրա և տեղադրել լուսանկարները կայքում։
Ֆլեշմոբը սկսվել է անմիջապես «Եվրատեսիլ» երգի մրցույթի արդյունքների հայտարարումից հետո, որտեղ հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող Կոնչիտա անունով երգչուհին։ Նրա կերպարի առանձնահատկությունը կանացի արտաքինի հետ մորուքի համադրությունն է։



















