6 փաստ այս տարվա Կաննի կինոփառատոնի մասին (լուսանկարներ)
Արդեն մի քանի օրից Ֆրանսիայում կմեկնարկի եվրոպական կինոփառատոների շարքում ամենագլխավոր միջոցառումը՝ Կաննի 67-րդ կինոփառատոնը։ Այս տարվա կարմիր գորգերի ու երեկույթների 12-օրյա մարաթոնից «գլուխ հանելու» համար Tatler ամսագիրը ներկայացրել է 6 փաստ «Կանն-2014»-ի վերաբերյալ։
Պաստառը
Միջոցառման այս տարվա պաստառին պատկերված է լեգենդար իտալացի դերասան Մարչելո Մաստրոյանին՝ անչափ տպավորիչ հայացքով։ Պատկերը վերցված է Ֆեդերիկո Ֆելինիի «8/2» ֆիլմից, որտեղ Մաստրոյանին մարմնավորում է ստեղծագործական ճգնաժամը հաղթահարող ռեժիսորի։
Բացման ֆիլմը
Այս տարի միջոցառումը կբացի Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը, որը Գրեյս Քելիի մասին ինքնակենսագրական ժապավեն է։ Ռեժիսոր Օլիվյե Դաանի ֆիլմի պրեմիերան արդեն 2 անգամ հետաձգվել է, իսկ Մոնակոյի թագավորական ընտանիքը նշել է, որ այդ ֆիլմը ոչ մի ընդհանուր բան չունի հանգուցյալ Գրեյս Քելիի հետ՝ տեղեկացնելով Կաննի այս տարվա կինոփառատոնը բոյկոտելու մասին։
Ժյուրին
Այս տարի Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ է ընտրվել ալեհեր Ջեյն Քեմփիոնը, ով, ի դեպ, միակ կին ռեժիսորն է, ով երբևէ արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի» (Palme d'Or)։ Բացի այդ, ժյուրիի կազմում ներառված է 9 մարդ, որոնց թվում են Սոֆիա Կոպոլան, Կարոլ Բուկեն, Ուիլյամ Դեֆոն և Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը։
Մասնակիցները
Հատված «Ջիմիի դահլիճը» ֆիլմից
Կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար կպայքարի 18 ֆիլմ՝ աշխարհի 15 երկրից։ Եվրոպական կինոյի սիրահարներին Tatler-ը խորհուրդ է տալիս դիտել ռեժիսոր Քեն Լոուչի «Ջիմիի դահլիճը» և Դարդեն եղբայրների «2 օր, 1 գիշեր» ֆիլմերը։
Հյուրերը
Կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասանուհի Սոֆի Լորենը։ Իտալուհին կներկայացնի իր որդու՝ Էդուարդո Պոնտիի կարճամետրաժ ֆիլմը, ինչպես նաև վարպետության դաս կտա «Ամուսնություն իտալական ձևով» ֆիլմի օրիգինալ տարբերակի ցուցադրությունից հետո։
Աղբյուրը հավելում է, որ ուշագրավ է խոստանում լինել նաև նախկին սիրեցյալներ դերասաններ Ռոբերտ Պատինսոնի ու Քրիստին Սթյուարտի հանդիպումը, ովքեր բաժանվել էին Սթյուարտի դավաճանության պատճառով։
«Ոսկե արմավենու ճյուղը»
Այս տարի առաջին անգամ բաղձալի մրցանակը, որն ըստ ավանդույթի պատրաստում է Chopard ընկերությունը, կստեղծվի արդյունահանման ժամանակ շրջակա միջավայրին վնաս չպատճառած ոսկուց։ Մրցանակի արտաքին տեսքը ևս փոփոխությունների կենթարկվի. ոսկերչական տան կրեատիվ տնօրեն Կարոլինա Շոյֆլեն նոր էսքիզ է մտածել «ճյուղի» համար։















