Apple-ի հետ գործարքը կարող է Dr. Dre-ին վերածել հիփ հոփի պատմության մեջ առաջին միլիարդատիրոջ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, ըստ վերջերս շրջանառվող լուրերի, պատրաստվում է 3.2 մլրդ դոլարով գնել ականջակալների և աուդիոտեխնիկայի արտադրող Beats Electronics-ը։ Եթե այս գործարքը կնքվի, ապա ընկերության համահիմնադիր, պրոդյուսեր և ռեփեր Dr.Dre-ն կդառնա հիփ հոփի պատմության մեջ առաջին միլիարդատերը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին պրոդյուսերն ինքն է ասել համացանցում ներբեռնված տեսանյութերից մեկում։ Գործարքի կնքման դեպքում Dr. Dre-ի կարողությունը կգերազանցի ներկայում հիփ հոփի ամենահարուստ ներկայացուցչի՝ Փաֆ Դեդիի ունեցվածքը, որը Forbes ամսագիրը գնահատել է 700 մլն դոլար։
Նշվում է, որ աուդիոսարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Dr. Dre-ն հիմնել է լեգենդար երաժշտական պրոդյուսեր Ջիմի Այովինի հետ։










