Իրանի թանգարանը կարող է ցուցադրել 1,5 մլրդ ֆունտ ստերլինգ արժողությամբ արևմտյան արվեստի հավաքածուն

14:37 • 12.05.14

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը կարող է ցուցադրել 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ արևմտյան վարպետների նկարների հավաքածուն՝ միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ Իրանի հաջող բանակցությունների դեպքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:

 

Ինչպես պնդում է թերթը, խոսքն աշխարհի լավագույն արևմտյան արվեստի հավաքածուներից մեկի մասին է։ Այն ներառում է Պաբլո Պիկասոյի, Վինսենտ Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Ջեքսոն Պոլոկի և այլ նկարիչների աշխատանքներ: Ցուցանմուշները թանգարանի պահեստներում են պահվում 1979 թվականից, երբ երկրում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն։

 

Թանգարանից հայտնում են, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացումը թույլ կտա թանգարանին ավելի շատ կառավարական և հովանավորչական միջոցներ ստանալ: «Մենք կցանկանայինք ցուցադրել արևմտյան արվեստը, և մենք պատրաստ ենք տրամադրել այդ աշխատանքները միջազգային թանգարաններին»,- նշել են թանգարանում: