Եվրոպայի քաղաքներում կանցկացվի «Թանգարանային գիշեր» ակցիան
Եվրոպայում մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանային գիշեր» մշակութակրթական ակցիան։ Յուրաքանչյուր տարի տարբեր երկրներից ավելանում են մասնակից թանգարանները, պատկերասրահներն ու ցուցասրահները, գրում է rosbalt.ru-ն։
Մայիսի 17-ին արտերկրում հայտնված զբոսաշրջիկներն ակցիայի շրջանակում հնարավորություն կունենան միաժամանակ մի քանի թանգարան այցելել։ Խոշոր քաղաքներում այդ գիշեր գործում են հատուկ ավտոբուսներ, որոնք թանգարանից թանգարան են տեղափոխում մարդկանց։
Ակցիան միավորում է հազարավոր մշակութային հաստատություններ ամբողջ աշխարհում։
«Թանգարանային գիշեր» ակցիան սկիզբ է առել 1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով՝ ֆրանսիական թանգարանում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար՝ «բաց դռների» օր հայտարարելով ու անվանակոչելով «Թանգարանային գարուն»:
Նախաձեռնությունն արժանացել է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությանն ու Եվրոպայի խորհրդի աջակցությանը: 2001թ-ին այն վերանվանվել է «Թանգարանային գիշեր»-ի և ընդլայնել ակցիային միացողների թիվը:
Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2005թ-ից:










