«Եվրատեսիլը» բացահայտ քարոզչությունն է անկում ապրած իրավիճակի. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

12:45 • 12.05.14

«Եվրատեսիլ» մրցույթը հենց սկզբից արդեն կանխանշված էր՝ ով է հաղթելու, քանզի դա համապատասխանում է այսօրվա Եվրոպայի բարոյական արժեքների քաղաքականության տրամաբանությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Փաստորեն, դա ցույց էր տալիս ողջ քրիստոնյա աշխարհին, թե այսօր ինչ է տեղի ունենում մարդկության ընդհանուր մտածողության փոփոխության մեջ, թե ինչ են դավանում, ինչ են քարոզում և ինչ են ուզում պարտադրել նաև մյուս ազգերին: Իմ կարծիքով՝ սա պարզապես մի պատգամ է՝ ուղղված ողջ քրիստոնյա աշխարհին և բացահայտ քարոզչությունն էր այն անկում ապրած իրավիճակի, որի մեջ մարդը բարոյապես կարող է գտնվել և գտնվում է»,-ասաց հոգևորականը։

«Ըստ էության, սա իր խորքում մարտահրավեր է ամբողջ քրիստոնյա աշխարհին, և իր խորքով, նաև կարող եմ ասել, այն տրամաբանությունն է, որ մեղքը կարծես թե դառնում է բոլորի համար ընդունելի և մի ընդունելի իրավիճակ, որտեղ մարդը կարող է իրեն «շատ հանգիստ ու խաղաղ զգալ»»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ ռուս ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է Ավստրիայի սկանդալային ներկայացուցչի հաղթանակը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում` այն անվանելով «քրիստոնեական ինքնությունից հրաժարվելու քայլ Եվրոպայում»:

Ի պատասխան հարցի, թե արդյոք արժե՞, որ հետայսու Հայաստանը նման միջոցառումների մասնակցի, Բագրատ եպիսկոպոսն ասաց, որ մրցույթն ինքնին բովանդակազուրկ մրցույթ է՝ իր տամաբանությունից շեղված լինելով:

«Ըստ էության այս մրցույթը սահմանվել է, որպեսզի յուրաքանչյուր ազգ կարողանա ինքն իրեն ներկայացնել իր ազգային կերպով, իր մշակույթով, բայց այսօր դարձել է պարզ երաժշտական և նաև քաղաքական որոշակի նրբերանգներով մրցույթ, և ես կարծում եմ, որ Հայաստանը բնավ էլ կարիք չունի մասնակցելու, հատկապես որ այսպիսի արժեքներ են քարոզում բացահայտ կերպով: Եվ սա նաև ինչ-որ իմաստով ժողովուրդներին ներկայացնելն է այնպիսի մշակույթ, որի մեջ իրենք իրենց ազատ կզգան ապաբարոյական մթնոլորտում»,-ասաց նա՝ հավելելով, որ մրցույթից ոչինչ չենք շահելու:

Ըստ նրա, նման ապաբարոյական մթնլորտի արդյունքում այսօր մարդը, որն Աստծո պատկերով և նմանությամբ է ստեղծված, վերածվում է կենսաբանական պարզ գոյության, երբ նա գնահատվում է այլևս ոչ թե իր հոգևոր գիտակցությամբ, այլ որպես սոսկ մի գործիք՝ օգտագործելու հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների համար:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի դիտարկմամբ՝ այս մասին դեռևս 1921թ.-ին ասում է Հովհաննես Թումանյանը՝ մարգարեական քառյակում.

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային-հայրենիքը իմ հոգու…

«Ու փաստորեն, ժամանակի խորքից եկող այս մարգարեական տեսիլքը մինչև այսօր էլ իրականություն է»,–եզրափակեց հոգևորականը: