Արվեստագետները՝ Շառլ Ազնավուրի համերգի կազմակերպչական հարցերի մասին
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի այն երկրպագուներին, ովքեր համերգին ներկա լինելու ցանկություն ունեին, բայց չունեին հրավիրատոմս կամ մինչև 50 հազար դրամով տոմս գնելու հնարավորություն, կարելի էր երեկվա տոնին մասնակից դարձնել՝ չբավարարվելով միայն համերգային դահլիճի հնարավորություններով:
Tert.am –ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Այդպիսի բաներ արվում են, երբ դրսում մեծ էկրան է դրվում, և նրանք, ովքեր չեն կարողանում դահլիճից ունկնդրել, պարզապես բացօթյա ներկա են լինում: Կարծում եմ՝ բազմաթիվ մարդիկ մեծագույն հաճույքով ներկա կլինեին»,-ասաց ռեժիսորը:
Հիշեցնենք, որ մամուլը, այդ թվում՝ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Ազնավուրն այն եզակի հայն է, ում սիրում են բոլոր հայերը՝ անկախ քաղաքական և սոցիալական դիրքից, և երեկվանը վերածվեց ընդամենը՝ իշխանական վերնախավի և տոմս գնելու հնարավորություն ունեցողների համար տոնի:
Ռուբեն Բաբայանն էլ, ով համերգի հրավիրատոմս չէր ստացել, ասաց, որ չի կարող իրեն թույլ տալ 50 000 դրամով տոմս գնել: Նա նշեց, որ չի կարող մեղադրել Շառլ Ազնավուրին, թե ինչու են տոմսերը 50 000 դրամանոց կամ ինչու չի ցանկացել բացօթյա համերգ անել:
Քննարկվում է նաև այն տարբերակը, որ կարելի էր, ինչպես նախորդ անգամ, շանսոնյեին Հանրապետության հրապարակում երգելու հնարավորություն տալ:
Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն էլ Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է՝ երգիչն ինքն է ցանկացել փակ դահլիճում անցկացնել համերգը:
«Ես արդեն մասնագիտորեն եմ ասում, որ 90 տարեկան մարդու համար շատ ավելի բարդ է՝ երգել ո´չ թե համերգասրահում, այլ՝ բաց հրապարակում»,-ասաց Վարդան Հակոբյանը:










