«Նռան գույնը» Կաննում որպես ուկրաինական ֆիլմ ներկայացնելով՝ ուկրաինացիները փորձել են պատժել հայերին. Լևոն Մութաֆյան
Արվեստաբան Լևոն Մութաֆյանը դատապարտում է ուկրաինացի կինոգործիչների՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» Կաննի միջազգային կինոփառատոնում որպես ուկրաինական ֆիլմը ներկայացնելու փաստը:
«Ուկրաինացի կինոգործիչների այս քայլի մեջ ես առաջին հերթին՝ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Շատ լավ հիշում ենք, որ Հայաստանը չաջակցեց Ուկրաինային և անցավ Ռուսաստանի կողմը: Դրանից հետո ուկրաինական որոշ ազգայնականներ հայտարարեցին, թե իրենք չեն մոռանա Հայաստանի այս քայլը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մութաֆյանը:
Նշենք, որ Газета.ru-ն հաղորդել է, որ ուկրաինացի կինոգործիչների այդ քայլը հայ կինոգործիչների վրդովմունքն է առաջացրել:
«Խորապես համոզված եմ, որ սա առաջին հերթին՝ վրեժխնդրություն է և իրենց պատկերացմամբ՝ Հայաստանին պատժելու մի քայլ, ինչը շատ ավելի սազական է ադրբեջանցիներին, որոնք սիրում են յուրացնել այլ ժողովուրդների մշակույթը, քան՝ ուկրաինացիներին: Այստեղ տեսնում եմ նաև ադրբեջանական հետքը և համոզված եմ, որ ուկրաինացիները և ադրբեջանցիները գործել են համատեղ»,-հաղորդեց արվեստաբանը:
Նա նաև ասաց, թե դատապարտում է ուկրաինացի կինոգործիչների թուրքաբարո գործունեությունը և համոզված է, որ Կաննի միջազգային կինոփառատոնի տնօրինությունն անպայման իր վերաբերմունքը կարտահայտի:
Լևոն Մութաֆյանը մանրամասներ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմի մասին՝ շեշտելով, թե Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը հայկական կինոարտադրության է, այն ստեղծվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում:
«Ֆիլմի ստեղծման ակունքներում են ինչպես բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Հայրյանը, այնպես էլ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Ռազմիկ Մադոյանը»,-նշեց Լևոն Մութաֆյանը՝ հավելելով. «Իհա՛րկե, «Նռան գույնը» ներկայացնելու կարիք չկա, որովհետև ֆիլմն իր ողջ բովանդակությամբ, գաղափարական շեշտերով, արտահայտչականությամբ բացառիկ մտածողությամբ արևելյան երևույթ է, հայկական երևույթ է: Եվ այստեղ ուկրաինացիների հավակնություններն ընդամենը ծիծաղ են առաջացնում: Ողջ աշխարհը գիտի, թե ով է Փարաջանովը, և «Նռան գույնն» էլ հայկական ֆիլմ է»:










