Երբեք չենք մոռանա, թե հայերն ինչ են արել Ֆրանսիայի դիմադրության շարժման պայքարում. Ֆրանսուա Օլանդ (տեսանյութեր)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ այսօր Երևան Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակն անվանվեց հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անվամբ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ներկաներին խորին շնորհակալություն հայտնեց, որ չնայած անձրևոտ եղանակին մասնակցում են պուրակը Միսակ Մանուշյանի անվամբ կոչելու արարողությանը:
«Երբ Միսակ Մանուշյանը Ֆրանսիա եկավ, նա փախչում էր սարսափելի ջարդերից, նա վերապրել էր Ցեղասպանությունը, եկավ Ֆրանսիա՝ ազատության կապույտ երկինք գտնելու: Սակայն մի քանի տարի անց, երբ բարբարոսությունը վերադարձավ Ֆրանսիա, Միսաք Մանուշյանը զենք վերցրեց և պաշտպանեց իր օթևան-երկրի ազատությունը՝ առանց որևէ պահ մոռանալու իր հայրենիքը: Մենք երբեք չենք մոռանա, թե հայերն ինչ են արել Ֆրանսիայի դիմադրության շարժման պայքարում: Փարիզում էլ հուշարձան կա Միսակ Մանուշյանի անվամբ»,- իր խոսքում նշեց Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ում ստեղծագործության հնչյունների ներքո տեղի ունեցավ Միսաք Մանուշյանի անվան հուշաքարի բացումը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանաստեղծն արժանի էր մշակութային այսպիսի վերաբերմունքի: «Նա խորագույն հետք է թողել պատմության, Ֆրանսիայի պատմության մեջ: Նա ամենաբարձր գնահատված ազգային հերոսներից է»,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:










