«Աֆրիկյանների տուն» հուշարձանը կտեղափոխվի «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս

16:45 • 14.05.14

«Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց»,- հաղորդագրությամբ տեղեկացրել է Երևան քաղաքի գլխ.ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

 

«Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։


Տերյան փողոց 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։


ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընդգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։


Վերը նշված քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի, շինության ապամոնտաժման և «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում այն վերականգնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն»,- ասել է նա։