Ուկրաինացի կինոգործիչները հայտնել են, որ չեն հավակնում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին
Ուկրաինացի կինոգործիչներն ընդգծում են, որ միայն իրենց ուրախությունն են հայտնել Կաննի փառատոնի Cannes Classics հետահայաց ծրագրում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ներկայացման առթիվ: Այս մասին գրում է Корреспондент-ը:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտարարել էր, որ Ուկրաինան յուրացրել է Փարաջանովի ֆիլմը՝ վկայակոչելով Կաննի կինոփառատոնում ներկայացված ֆիլմերի մասին «Երիտասարդություն» Կիևի միջազգային կինոփառատոնի հաղորդագրությունը:
«Մենք որևէ կերպ չենք ասում, որ «Նռան գույնը» Կաննում ներկայացվել է որպես Ուկրաինական ֆիլմ: Մենք ուրախություն ենք հայտնում, որ մեծ ռեժիսորի ֆիլմը, ով երկար տարիներ ապրել և աշխատել է Ուկրաինայում, կցուցադրեն Կաննի կինոփառատոնում: Իսկ ցուցադրության մասին մենք, ինչպես և՝ ողջ կինոհամայնքը, իմացել ենք պաշտոնական փառատոնի կայքից, որտեղ նշվում է, որ ֆիլմը ներկայացրել է Հայաստանը, իսկ վերականգնվել է ԱՄՆ-ում», - հաղորդել են Ուկրաինայի «Երիտասարդություն» կինոփառատոնի ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են Կաննի փառատոնին:
Կաննի կինոփառատոնը մեկնարկում է այսօր՝ Ֆրանսիայի Լազուրի ափին, և կտևի մինչև մայիսի 24-ը:










