Անտոնիո Բանդերասը ֆիլմում կմարմնավորի Հռոմի պապին
Իսպանացի հանրահայտ դերասան Անտոնիո Բանդերասը կարող է հանդես գալ ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերում, հայտնում է Huffington Post-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ դա առաջին գեղարվեստական ֆիլմը կլինի Ֆրանցիսկոսի մասին:
Նախագծով զբաղվում է իտալացի ռեժիսոր Դանիելե Լուկետին: Նախագիծը 12 մլն դոլար կարժենա, կկոչվի «Կոչե՛ք ինձ Ֆրանցիսկոս»: Հենքում «Ֆրանցիսկոս. ժողովրդական պապ» բեսթսելերն է: ֆիլմը կնկարահանվի Իտալիայի և Արգենտինայի տարբեր վայրերում:
Ֆիլմը ստեղծողները գլխավոր դերում տեսնում են իսպանախոս ամենաազդեցիկ դերասաններից մեկը համարվող 53-ամյա Բանդերասին: Դերասանների ընտրության գործընթացը դեռ շարունակվում է, սակայն արդեն սկսվել է ֆիլմի արտադրությունը: Նկարահանումները կսկսվեն ամռանը:
Հետաքրքրական է, որ Հռոմի պապին և Վատիկանին նվիրված ֆիլմերով են զբաղված նաև անվանի ռեժիսորներ Պաոլո Սորենտինոն և Ռիդլի Սքոթը:










