Մոդիլյանիի «Փոլ Ալեքսանդրի դիմանկարն» աճուրդի կհանվի Փարիզում

17:00 • 15.05.14

Իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի «Փոլ Ալեքսանդրի դիմանկարը» կտավը հունիսի 4-ին վաճառքի կհանվի Փարիզի Sotheby's աճուրդի տանը, հայտնում է РИА Новости-ն։

 

Փոլ Ալեքսանդրը եղել է երիտասարդ բժիշկ, ով Փարիզի իր առանձնատունը վարձով է տվել նկարիչներին։ Նրա ընկերությունը Մոդիլյանիի հետ տևել է մոտ 7 տարի։ Ալեքսանդրը եղել է նկարչի հովանավորը և հավաքել է նրա աշխատանքները, ինչպես նաև պատվերներ կազմակերպել նկարչի համար։

 

1911-12թթ. արված նկարի չափերն են՝ 92x60 սմ։ Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն կտավի վաճառքից ստանալ 5-8 մլն եվրո։ Ստեղծման օրից ի վեր կտավը պահվել է բժշկի տանը։

«Փոլ Ալեքսանդրի դիմանկարը» կտավի հետ աճուրդի կհանվեն նաև Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Ռենե Մագրիտի և այլ վարպետների աշխատանքներ։