Նրան ասում էին ծիծաղի թագուհի. դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին ծափերով հրաժեշտ տվեցին (լուսանկարներ, տեսանյութ)

15:09 • 15.05.14

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում այսօր հազարավոր երկրպագուներ վերջին հրաժեշտը տալու էին եկել ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին:


«Շատ թանկ մարդ էր Սվետլանան մեզ համար: Նրան ասում էին ծիծաղի թագուհի, դա իրոք այդպես էր: Ես հիշում եմ, որ մարդիկ դահլիճից հեռանում էին, դեռ երկար ժամանակ իրենց ժպիտը դեմքերին էր: 60 տարի շարունակ նա ցատկոտել է այս բեմի վրա: Նա երեխաներ, ամուսին չուներ, ամբողջովին տրվել է բեմին…»,- իր հրաժեշտի խոսքում ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:


Դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե թատրոնից հեռացավ մեր ամենաբարի, ամենաանկեղծ, ամենաիսկական ծիծաղը:


«Նա այնքան լավ էր տիրապետում ժպիտի ու ծիծաղի վարպետությանը, որ այսօր նրա հրաժեշտում և՛ ցավ կա, և՛ մեզանից անկախ ծիծաղում ենք: Նա մեր ցավի հետ մեկտեղ պետք է տեսնի մեր ժպիտը»,- նշեց դրամատուրգը:


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն էլ ասաց, թե հները գնում են, և դա շատ ցավալի է:


«Պայծառ մարդ կորցրեցինք, կին, որի ներկայությամբ նույնիսկ ամենավատ տրամադրության դեպքում հնարավոր չէր տխուր մնալ: Այն մթնոլորտը, որ նա կարողանում էր ստեղծել իր շուրջը՝ և՛ ստեղծագործական էր, և՛ ուրախ, և՛ պրոֆեսիոնալ»,- փոխանցեց Վիգեն Ստեփանյանը:


Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Ռազմիկ Խոսրոևի խոսքով՝ երջանիկ է այդպիսի արտիստուհի ունեցող ժողովուրդը, որովհետև նա ժողովրդինն էր, ժողովուրդն էլ՝ իրենը:


«Սվետլանա Գրիգորյանը մեր ժամանակի լավագույն դերասանուհի լինելուց բացի, վերջին 45-50 տարիներին Կարպ Խաչվանքյանի հետ կարողացավ պահել այս թատրոնը: Ցավալի է, որ նա այսօր մեզ հետ չէ, նա կգնա, կհավասարվի հավերժությանը՝ ինչպես մեր մյուս մեծերը»,- նշեց դերասանը: