Նյու Յորքում 102.500 դոլարով վաճառվել է 16-ամյա պակիստանցի իրավապաշտպանի դիմանկարը
Պակիստանցի իրավապաշտպան 16-ամյա Մալալա Յուսուֆզայի դիմանկարը, որի հեղինակը բրիտանացի նկարիչ Ջոնաթան Յեոն է, Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվել է 102.500 դոլարով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Աղջիկը հայտնի է դարձել իր բլոգի շնորհիվ, որում պատմում է Պակիստանի Սվատ շրջանի կյանքի մասին, որտեղ իսլամիստները փորձել են արգելել աղջիկներին դպրոց հաճախել։ 2012-ին «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» շարժման գրոհայինները մահափորձ էին կատարել աղջկա դեմ՝ վիրավորելով նրան գլխի և պարանոցի շրջանում։
Յուղաներկով արված կտավի նախնական արժեքը 60-80.000 դոլար է եղել։ Գնորդի անունը չի նշվում։
Յեոն նկարել էր աղջկան 2013-ին, երբ նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և սկսել հաճախել Բիրմինգեմում դպրոց։ Նկարում աղջիկը պատկերված է տնային առաջադրանքները կատարելիս։
Յուսուֆզայի դիմանկարը նկարիչն աճուրդի տանը փոխանցել է անվճար։ Կտավի վաճառքից ստացված միջոցները կհատկացվեն իրավապաշտպանի անվան բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ գումարը կփոխանցեն Նիգերիայի այն կազմակերպություններին, որոնք հովանավորում են կանանց և աղջիկների կրթությունը։










