Շուրջ 100 թանգարաններ միացել են «Թանգարանային գիշեր» միջոցառմանը
«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքով վաղը երեկոյան կմեկնարկի թանգարանային գիշեր նախաձեռնությունը, որին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում միացել են շուրջ 100 թանգարաններ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ այս միջոցառումը ամրապնդել է իր տեղը թանգարանային կյանքում և ինչ-որ չափով կապել հասարակությանը թանգարանների հետ:
«Այդ օրը հաճախ մարդիկ գալիս են թանգարան ոչ թե ծանոթանալու ցուցադրություններին, այլ հետաքրքիր միջոցառումներին մասնակից լինելու համար: Եթե այդ օրը թանգարանի այցելուներին հարցնեք՝ որևէ բան հիշու՞մ եք ցուցադրություններից, կդժվարանան ասել: Մեզ մոտ միշտ գալիս են կակաոյի սիրահարները: Ի դեպ այն մեզ մոտ պատրաստվում է Սպենդիարյանի բաղադրատոմսով: Մենք ժամը 19:00-ից բակում սկսելու են միջոցառումները, իսկ թանգարանը բաց կլինի ժամը 22-ից, երբ հոսքը համեմատաբար կպակասի և հնարավոր կլինի իսկապես ծանոթանալ ցուցադրություններին»,-ասաց նա:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանն էլ ընդգծեց, որ իրենք առաջիններից էին, որ միացան այս նախաձեռնությանը և նշեց, որ իրեն ուրախացնում է այդ օրվա մարդկային հոսքը, թեև շատ են հոգնում:
«Պարզապես ուզում ենք, որ մեր մասին հիշեին ոչ միայն այդ օրը, որովհետև մի օրվա մեջ ու այդ հոսքով հնարավոր չէ ծանոթանալ թանգարանային նյութերին: Կոչ եմ անում ծնողներին մանկուց երեխաներին դաստիարակել ու կրթել թանգարաններ բերելով, այն մեր պատմությունն է: Այն որ մեր թանգարանները հետաքրքիր են ու սովորելու շատ բան կա, միանշանակ է»,-ասաց նա:
Հասմիկ Մելքոնյանը տեղեկացրեց, որ Իսահակյանի տուն թանգարանում միջոցառումները կսկսվեն ժամը 18-ին, թանգարանում կընթերցեն «Աբու Լալա Մահարին» պեոմի ընթերցանությունը, բանաստեղծի ձայնով կհնչի նրա ստեղծագործությունները և նրա տողերով հայտնի ու սիրված երգերը:
«Թանգարանում կներկայացվեն ֆոնդերում պահվող ցուցադրություններ: Երեկոյան 23-ից հետո Իսահակյանին նվիրված վերավերագրական ֆիլմերի ցուցադրում կլինի»,-ասաց նա:










