Թուրքիան այլևս «Եվրատեսիլին» չի մասնակցի՝ Կոնչիտա Վուրստի պատճառով. գերմանական պարբերական

12:44 • 16.05.14

«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստի հաղթանակից հետո մրցույթը խստորեն քննադատեց ոչ միայն Ռուսաստանը, այլև թուրք պահպանողականները, գրում գերմանական Die Welt պարբերականը։

 

Ինչպես փոխանցում է inopressa.ru-ն, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Վոլքան Բոզքիրը հայտարարել է, թե դրական է համարում այն, որ Թուրքիան չի մասնակցել այդ մրցույթին։

 

Իսկ պահպանողական «Հուրրիյեթ» թերթը գրել է, որ «Թուրքիայի համար «Եվրատեսիլի» հետ հարցերը մեկընդմիշտ փակված են»։ Հայտնի է, որ Թուրքիան մրցույթին չի մասնակցում արդեն 2012թ.-ից։ Պետական հեռուստաընկերությունները մրցույթն ուղիղ եթերում չեն ցուցադրում։

 

Պատճառը, հոդվածագրի կարծիքով, հետևյալն է. 2012թ.-ին փոխվեցին կատարողներին գնահատելու կանոնները, ինչի արդյունքում այժմ հաշվի է առնվում ոչ միայն հեռուստադիտողի, այլև ժյուրիի կարծիքը։

 

Թուրքիան, որը 2010թ.-ին երկրորդ տեղն էր զբաղեցրել We Could Be The Same երգով, բայց 2011թ.-ին դուրս էր մնացել կիսաեզրափակչից, հաջողության էր հասել միայն հեռուստադիտողների ձայների արդյունքում, քանի որ եվրոպական երկրներում թուրքական համայնքները քվեարկում էին Թուրքիայի օգտին։

 

Օրենքի փոփոխությունից հետո նրանց ազդեցությունը նվազեց, և Թուրքիան հրաժարվեց մասնակցությունից։

 

Die Welt-ն ընդգծում է, որ վերջերս նման պահանջներ են հնչում նաև Ռուսաստանից։ Օրինակ՝ պատգամավոր Վալերի Ռաշկինն առաջարկել է Ռուսաստանին լքել մրցույթը։ «Չի կարելի հանդուրժել այդ անվերջանալի խելահեղությունը»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է երգի այլընտրանքային մրցույթ՝ «Եվրասիայի ձայնը» ստեղծել։

 

Բելառուսի սլավոնական կոմիտեն աջակցում է այդ գաղափարին։ «Կոնչիտա Վուրստի հաղթականը, թվում է, վերջնականապես հարվածել է Եվրամիության բարոյական արժեքներին»,- կարծում են կազմակերպությունում։