Մենք չենք զրոյացրել Կոնչիտայի ձայները, ժյուրին քվեարկում էր sms քվեարկությունից մեկ օր առաջ. Ինգա և Անուշ Արշակյաններ

18:37 • 16.05.14

«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ժյուրիի անդամներ Ինգա և Անուշ Արշակյաններն «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիսում» պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայաստանյան ժյուրին որոշեց զրոյացնել Ավստրիայի մասնակից Կոնչիտային տրված ձայները, ասացին. «Մենք չենք զրոյացրել, ժյուրին քվեարկում էր sms քվեարկությունից մեկ օր առաջ, այսինքն՝ sms քվեարկությունը տեղի է ունեցել մեկ օր հետո, և մենք չենք զրոյացրել և ոչ մի բան»:

«Բացի այդ՝ մենք մոռանում ենք Արամ Mp3-ի երգի գնահատականը Բելգիայի կողմից, որը sms քվեարկությամբ գնահատվեց որպես լավագույնը և ժյուրին նույն վարկածով զրոյացրեց, բայց չի զրոյացրել, այլ նախօրոք է գնահատել և մեր մասնակիցը ստացավ 0 միավոր: Այդ մասին ոչ ոք չի խոսում, մինչդեռ մենք պետք է ավելի սրտացավ լինենք Հայաստանի, քան՝ Ավստրիայի մասնակցի համար:

«Ֆեյսբուքյան ասուլիսում» հնչած հարցերից մեկն էլ այն էր, թե Արշակյան քույրերն ի՞նչ կասեն 2009 թվականի Եվրատեսիլի մասին. «Դուք կարծում եք գոթական ոճի դիմահարդարումով և ներքնազգեստով պարելն ավելի հաճելի՞ են և սազակա՞ն են հայ աղջկա հնազանդ ու զուսպ կերպարին»:

Պատասխանելով վերոնշյալ հարցին՝ քույրերն ասացին. «Ի տարբերություն հայաստանյան աղմկոտ ասեկոսեների, թե ավելի լավ էր՝ հայ աղջիկներն այդպես դիմահարդարում չանեին, շատ մեծ արձագանք գտավ Եվրոպայում և եվրոպական հանդիսատեսը շատ լավ գնահատեց և՛ ելույթը, և՛ բեմադրությունը: Մեր ներքնազգեստը չէր երևում, իսկ մեր հագուստը փակ էր՝ տարազին մոտ»: