Մասնագետները պարզել են Էրքյուլ Պուարոյի նախատիպի ինքնությունը
Բրիտանացի և բելգիացի հետազոտողները պարզել են դետեկտիվ ժանրի հայտնի գրող Ագաթա Քրիստիի պատմվածքների հերոս Էրքյուլ Պուարոյի նախատիպի ինքնությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ենթադրվում է, որ լեգենդար հետախույզի նախատիպը եղել է բելգիացի ժանդարմ Ժակ Ժոզեֆ Ամուարը, ով որպես փախստական իր որդու հետ Մեծ Բրիտանիա է ուղևորվել։
Երիտասարդ Քրիստին ծանոթացել է Ամուարի հետ, երբ 1915թ. հունվարի 6-ին անգլիական Թորքվեյ քաղաքում դաշնամուր է նվագել մի խումբ բելգիացի փախստականների համար։ Իր հուշերում տաղանդավոր գրողը նշել է, որ հետախույզի կերպարի ընտրության համար իրեն ոգեշնչել են Թոքվեյի մերձակայքում բնակվող բելգիացի փախստականները։
Հայտնի է, որ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Ամուարը վերադարձել է Բելգիա, որտեղ մահացել է 1944թ.՝ 86 տարեկանում։
Աղբյուրը հավելում է, որ Պուարոյի կերպարն առաջին անգամ հայտնվել է Քրիստիի «Առեղծվածային միջադեպ Սթայլզում» պատմվածքում, որը հրատարակվել է 1920թ.։










