Նկարիչ Ջո Մանգրումը 2009թ. ի վեր զբաղվում է հասարակական վայրերում ավազային պատկերների ստեղծմամբ՝ իր տաղանդով զարմացնելով ու հիացնելով անցորդներին։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, տղամարդն աշխատում է յուրահատուկ տեխնիկայով, ինչի շնորհիվ ստեղծվում են անչափ մանրակրկիտ ու գունավոր պատկերներ։ Դրանք մոտիկից չզննելու դեպքում անհնար է գլխի ընկնել, որ պատկերները պատրաստված են ավազից։
Նշվում է, որ Մանգրումն այս տարիների ընթացքում 700-ից ավելի ավազային պատկեր է ստեղծել Նյու Յորքում, Չիկագոյում, Մայամիում, Դետրոյթում, Սան Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում։ Դրանցից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար նա ծախսում է 6-8 ժամ՝ զգուշորեն ավազը թափելով հատակին։
Ի դեպ, պատկերները բավական մեծ են։ Դրանք հիմնականում ունենում են 4-6 մ տրամագիծ։
Նրա աշխատանքներն առավել արժեքավոր է դարձնում այն փաստը, որ ավազային պատկերները շատ արագ են վերանում՝ քամու, անձրևի և անցորդների պատճառով։ Ուստի անցորդները շտապում են հիանալ դրանցով, քանի դեռ ժամանակ կա։