Համոզված եմ, որ սիրիահայերը կդառնան մրցունակ և Հայաստանում կզարգացնեն փոքր և միջին բիզնեսը. Մխիթար Մնացականյան (լուսանկարներ)
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպել էր ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը ներկայացրին իրենց արտադրանքն ու հմտությունները:
Տոնավաճառի այցելուները հնարավորություն ունեին գնելու քաղցրավենիք, այլ ուտեստներ և ձեռագործ աշխատանքներ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը, ով նույնպես Շառլ Ազնավուրի հրապարակում էր, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որո՞նք են սիրիահայերի համար առաջնային խնդիրները՝ նշեց. «Տվե՛ք աշխատանք, տվե՛ք գործիքներ, որ կարողանան փոքր ու միջին բիզնեսը զարգացնել: Իրենք բազմաշնորհ մարդիկ են, բայց այսօր չունեն նյութական հնարավորություններ, պետք է նրանց օգնել, և իրենք իրենց աշխատանքը կատարում են»:
Մխիթար Մնացականյանն ասաց նաև, թե համոզված է, որ սիրիահայերը կդառնան մրցունակ, Հայաստանում կզարգացնեն փոքր և միջին բիզնեսը և կապրեն ավելի արժանապատիվ կյանքով, քան այսօր ապրում են:










