ՀՅԴ-ն կուզեր, որ կառավարությունը վճռական լիներ ընդդիմության վերահսկող մեխանիզմներ տրամադրելու հարցում

14:42 • 22.05.14

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, թե իրենք կուզենային ծրագրում տեսնել կառավարության վճռականությունը՝ ընդդիմությանը վերահսկող մեխանիզմներ տալու և դրանց գործադրման մասով։

«Կուզենայինք տեսնել, որ կառավարությունը և իշխանությունը պատրաստ են իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը վերապահել նաև ընդդիմությանը, որովհետև առանց նման համատեղ աշխատանքի հնարավոր չէ ապահովել ներքին համախմբվածությունը, հակառակը` կհաստատվի իրար մերժելը, իրար ծրագրերը չընդունելը»,- նշեց նա։

Արծվիկ Մինասյանը մեկ այլ դիտարկում ուներ։ Նրա խոսքով՝ ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա պետք է իրավունք չունենա իր կարողությունները ՀՀ-ում վաստակելով դրանք ներդնել այլ երկրներում։ «Եթե նա բարձրագույն բարձրաստիճան անձ է այս երկրում, նա պարտավոր է միջոցները ծառայեցնել այս երկրի համար»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, թե հասարակությունը դժգոհում է իշխանություններից, որովհետև օտարված է որոշումների կայացումից։ «Պատահական չէ, որ ոչ միայն պարտադիր կուտակային վճարի, կարմիր գծերի, արագաչափերի, տրանսպորտի գնի դեմ թանկացման դեմ պայքարելու շրջանակում քաղաքացիները ագրեսիվ են դառնում շատ պարզ մի պատճառով՝ որովհետև նրանք ներգրավված չեն որոշումների կայացման մեջ»,-ասաց նա: