90-ամյա երիտասարդ երգիչը. Le Figaro-ն՝ Շառլ Ազնավուրի մասին
«Ամերիկացի հանդիսատեսն Ազնավուրին համարում է ֆրանսիական մշակույթի ամենամեծ առասպելներից, Եվրոպայում նրան համարում են աստղ». գրում է ֆրանսիական Le Figaro-ն՝ անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյա հոբելյանին։
«90-ամյա երիտասարդ երգիչը» (թերթի ձևակերպումը -Tert.am) այժմ համաշխարհային համերգային շրջագայության է՝ շարունակելով զբաղվել այն արվեստով, որով զբաղվում է արդեն վեց տասնամյակ, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Թերթն Ազնավուրի ծննդյան օրվա առիթով հրապարակված հոդվածում գրում է, որ հրաժեշտ բառը նրա համար չէ, ով ճանապարհորդում է դեպի տարբեր երկրներ և շարունակում համերգներ ունենալ:
«Եվ նման փայլուն երգացանկով ոչինչ ավելի բացատրել պետք չէ, երգացանկ, որը պատմում է ֆրանսիական շանսոնի ոսկե տարիների մասին, որի վերջին դեսպաններից է Ազնավուրը»,- գրում է թերթը։
Ազնավուրն իր ծննդյան օրը չի նշելու մեծ հրավառությամբ և այլ տոնական միջոցառումներով, ինչպես անում են իր ընկերները: Ազնավուրի համոզմամբ՝ ծնունդ նշելն այլևս իր տարիքի բանը չէ:
Այս երեկո նա նոր տասնամյակ կթևակոխի Բեռլինի բեմերից մեկում համերգով:
90-ամյա երգիչը պատրաստում է նոր ալբոմ, որը նոր թեմաներ է առաջարկելու: Նախատեսվում է, որ ալբոմը լույս կտեսնի տարեվերջին։
«Բեմում գտնվելը քեզ թևեր է տալիս»,- օրերս ասել էր շանսոնյեն գերմանական թերթերից մեկին՝ հավելելով, որ ցանկանում է ապրել մինչև 120 տարեկան...










