Նոր Զելանդիայում կատուն զբոսանքից տուն է վերադարձել թմրանյութով լի փաթեթով
Նոր Զելանդիայում ընտանի կատուն տուն է վերադարձել զբոսանքից՝ տիրուհուն մարիխուանայի փաթեթ բերելով, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Տեսնելով կատվի «ձեռքբերումը»՝ կենդանու տերը դիմել է ոստիկանություն և հաղորդել «գտածոյի» մասին։
Դեպքի վայր է ժամանել սերժանտն ու վերցրել կասկածելի փաթեթը։
Նրա խոսքով՝ փաթեթում եղել է 5 գրամ թմրանյութ, որի արժեքը 100-150 նորզելանդական դոլար է։
Թե ում է պատկանել մարիխուանան, հայտնի չէ։ Ոստիկանությունը մտադիր է փաթեթի վրայից մատնահետքեր վերցնել։
Ինչպես կատակել է ոստիկանը, կատվի արարքից հետո ոստիկանությունը պետք է մտածի այդ կենդանիներին թմրանյութ որոնելու գործերում ներգրավելու մասին։
Մարիխուանայի տարածումը Նոր Զելանդիայում արգելված է օրենքով։ Որպես կանոն՝ թմրանյութ պահելու համար տուգանքներ են սահմանված։










