Էստի աշեցեք, սադայելը սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել. ԱԺ նախագահը՝ ընդդիմախոսներին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր մինչ կառավարության ծրագրի քվեարկությունը նշեց, թե ծրագիրը հնարավորինս արտացոլել է այն մարտահրավերների հայեցակարգային լուծումները, որոնք թույլ կտան առաջիկա տարիների համար ամուր հիմքեր և առաջընթաց ապահովել։
Նա հայտարարեց, թե առանձնահատկությունն այս անգամ այն է, որ ՀՀԿ-ն միայնակ է ստանձնել երկրի զարգացման պատասխանատվությունը։ Ըստ նրա, գործնական փուլ է մտնել Մաքսային միությանն անդամակցության հարցը, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության անհրաժեշտություն է առաջացել։
Նա թվարկեց ծրագրի հիմնական դրույթները՝ տնտեսական հավասար հնարավորություններ, ստվերի կրճատում, ազատ մրցակցություն, արժանապատվ վարձատրություն, չորս նոր ջրամբարների կառուցում, և այլն։
«Իսկ ո՞ր երկրում չկա ստվեր, կարո՞ղ եք նման երկիր գտնել, ուղղակի խնդիրը չափերի մեջ է: Առանց չափելու՝ ստվերի թվեր եք ասում»,-ասաց նա։
Գալուստ Սահակյանը հստակեցրեց, թե ԱԺ-ում բիզնեսով զբաղվող պատգամավոր չկա, այլ կան բաժնետերեր, ովքեր իրենց սեփականությունից եկամուտ են ստանում, ինչը չի հակասում Սահմանադրությանը:
Ինչ վերաբերվում է ընդդիմության պահանջին, ովքեր պահանջում են վերահսկողական գործառույթներ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հասկանում ենք, որ դա հաճելի է, բայց նաև պատասխանատվություն ստանձնելու մեջ է խնդիրը: Մենք մշտապես առաջարկել ենք բոլոր քաղաքական ուժերին՝ միանալ կառավարությանը, վերցրեք ու համոզեք, որ մեզանից ավելի լավ կարող եք կառավարել, երբ տեսնենք, որ լավ եք կառավարում, վերահսկում էլ կտանք, ի՞նչ է եղել»։
Վերջում ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԺ ամբիոնից հնչող մեղադրանքներին. «Երբևիցե չեք տեսնի՝ ես կամ իմ կուսակցությունը որևէ անձի վիրավորենք, մենք միշտ հակադարձողի դերում ենք։ Բանաստեղծի խոսքերը մեջբերեմ. «Էստի աշեցեք, սադայելը սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել»։ Մեզանում ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը»,-նշեց նա։










