Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց, ցուցարարներին լսեց Վիգեն Սարգսյանը (տեսանյութ)
Ինչպես ամեն հինգշաբթի, կառավարության շենքի առաջ այսօր էլ հավաքվել էին տարբեր խնդիրներ ու հարցեր ունեցող քաղաքացիներ, ովքեր, իրենց խոսքով, կառավարության նոր կազմից թեև մեծ հույսեր չունեին, բայց առիթը բաց չթողեցին՝ տեսնելով պաշտոնյայի. շրջափակելով Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ նրանից հանդիպում խնդրեցին։ Վերջինս մի քանի րոպե ժամանակ տրամադրեց՝ լսելով նրանցից մի քանիսին։
«Դալմայի այգիների» հարցով քաղաքացիները խնդրեցին Վիգեն Սարգսյանին՝ հանդիպում կազմակերպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց, որ անցյալ նիստին քաղաքացիները ասել են, որ հանդիպել են։ Նրան ուղղեցին. «Ոչ, նամակ ենք գրել իրեն, ինքը չի ընդունել, խնդրում ենք ընդունելություն կազմակերպել»։
Բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների 14 տարվա պահանջը համարժեք փոխհատուցումն է։ Ըստ նրանց՝ Հայաստանի կառավարությունը անօրինական է հողօգտագործողների հողամասերը վերցրել և դրել կառուցապատման տակ, քանի որ չի հարցրել hանրության կարծիքը: Պաշտոնյան «Դալմայի այգիների» հարցով քաղաքացիների խնդրանքին դրական արձագանքեց։
Մեկ այլ քաղաքացու խնդիրը «իրավական» էր։ «Երկուշաբթի օրը ինձ Հովիկ Աբրահամյանն ասաց՝ ես կասեմ, որ Վլադիմիր Գասպարյանը քեզ ընդունի։ Եթե չեք հավատում, գնացեք ստուգեք, բայց մինչև հիմա ոչ մի ոստիկան ինձ չի ընդունել»,-դժգոհեց նա և նշեց, թե Նախագահը հանձնարություն է տվել ամիսը մեկ քաղաքացիների ընդունել։ «Ինչու Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում»,-հարցրեց նա։
Մի կին էլ միջամտեց. «Ինձ էլ լսեք էլի, ներող կլինեք, ես էլ ապրել եմ Ամիրյան փողոցում, տունս քանդել են, բայց 10 տարի է՝ չեն սարքում»։ Վիգեն Սարգսյանը հարցրեց, թե ո՞վ է քանդել։ «Մելիք Գասպարյանը քանդեց, որ երեք տարում պետք է կառուցեր, բայց մինչև օրս չի կառուցվում, մենք ո՞ւմ դիմենք, պայմանագիր կապեցինք, բոլոր փոխզիջումներին գնացինք»։
Պաշտոնյան հետաքրքրվեց, թե ո՞ւմ հետ են պայմանագիր կապել։ «Ֆինանսների նախարարությունը և ժառանգորդը մեզ ստիպեցին, որ տույժ ու տուգանքներից հրաժարվենք, մի տարուց ձեր տունը կսարքվի, անցել է 3 տարի, ու չեն սարքում»,-դժգոհեց բնակիչը։
Վիգեն Սարգսյանը խորհուրդ տվեց. «Մի նամակ ինձ գրեք և պայմանագրերի պատճենների հետ ուղարկեք, տեսնեք ինչ ենք անում»։
Մեկ այլ կին էլ բողոքեց. «Ձեր նամակների բաժինը լավ չի աշխատում, անհեթեթ պատասխաներ են ուղարկում»։
Վիգեն Սարգսյանին հեռվից հետևում էին մահացած զինծառայողների ծնողները, ովքեր կրկին պահանջում էին իշխանություններից բացահայտել, թե ինչ պայմաններում են մահացել իրենց զավակները:
Այստեղ էին նաև «Հայկական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի` զոհված օդաչուների հարազատներն ու մի խումբ նախկին օդաչուներ: Օդաչուներն արդեն 8 տարի, իսկ զոհվածների իրավահաջորդները 2 տարի չեն ստանում իրենց հասանելիք ցմահ նշանակված փոխհատուցումը։
Հավաքվել էին նաև անհատներ, որոնցից մեկը դժգոհում էր, որ իրեն սխալ տեղեկանք են տվել ու ժամանակից շուտ հիվանդության թոշակի ուղարկել։ Հարցին, թե թոշակ ամեն դեպքում ստանո՞ւմ է, նա պատասխանեց. «Բա ինչի՞ չստանամ, թողնեմ պետությա՞նը մնա»։ Նա պահանջում էր իրեն սխալ ախտորոշում տված հանձնաժողովին պատժել, պետության փողերը վատնելու համար։
Այստեղ էր նաև մաթեմատիկոս Հենրի Մխիթարյանը՝ հացադուլ պաստառով և գետնին շարված արտոնագրերով։ Նա կառավարության ուշադրությունն էր հրավիրում իր կատարած գյուտերի վրա։
Հավաքվածներից մի փոքր հեռու մեծ խումբ կար, ովքեր լուռ լսում էին դժգոհող քաղաքացիներին։ Երբ մոտեցանք պարզելու, թե նրանք ինչ պահանջով են հավաքվել՝ ժպտալով նշեցին, թե ոչ թե ակցիա են անում, այլ սպասում են կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանին և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Հավաքվածները օլիմպիադայի հաղթողներն էին, ովքեր դրսում ծնողների հետ սպասում էին ընդունելության իրենց ժամին։










