70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով նոր կառավարության ծրագիրն ընդունվեց
Քիչ առաջ Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ նոր կառավարության ծրագրին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քառյակի այսօրվա նիստում որոշվել է, որ 4 ոչ իշխանական խմբակցությունները՝ «Ժառանգությունը» «Հայ ազգային կոնգրեսը», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և «Բարգավաճ Հայաստանը» միասնաբար չեն մասնակցելու Հովիկ Աբրահամյանի կառավարության եռամյա ծրագրի քվեարկությանը:
Իր ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասել էր, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ մարտահրավերներ, քան արձանագրված է կառավարության ծրագրում։ Նա թվարկել էր, ըստ նրա, խնդիրները, որոնց հրատապ լուծումը պահանջում է հասարակությունը և հայտարարել, որ «Բարգավաճ Հայաստանը», ի լրումն քառյակի հետ քննարկումների, նաև առանձին է քննարկել, որի արդյունքում որոշվել է չմասնակցել քվեարկությանը։
«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը հորդորել էր իր գնահատականները «բայղուշություն» չընդունել՝ շեշտելով, որ «պետության վիճակն այս ձևով չեք փոխի»։
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ելույթ ունենալով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե «ծրագիրն այն չէ, ինչ պետք է լիներ»։
«Հայ ազգային կոնգրես»-ի անունից էլ ելույթ ունենալով՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ողջ հանրապետությունում պեղվել ու կառավարության անդամ են նշանակվել Հայաստանի ամենավարկաբեկված, ամենաօդիոզ և ամենակոռումպացված պետական պաշտոնյաները, ում հետևից երկարաձգվում է անթիվ մեղադրանքների և հանցանքների մի ամբողջ «շլեյֆ»:
Նշենք նաև, որ կառավարության ծրագրի վերաբերյալ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հայտարարելով, թե առանձնապես տարբերություն չկա այս ու նախկին կառավարության ծրագրերի միջև. «Կառավարության փոփոխությունը մեկուկես տոկոսի համար ի՞նչ իմաստ ուներ»,-հայտարարել էր Բիշարյանը՝ չհստակեցնելով, թե ինչպես է քվեարկելու ՕԵԿ-ը:










