ՌԴ-ում կինն առյուծի ձագին որպես կատու է գրանցել և գնացք նստեցրել
Ռուսաստանում 9 ամսական էգ առյուծին տիրուհին գրանցել է որպես կատու և նստեցրել գնացք։ Սակայն կենդանին դուրս է եկել վերահսկողությունից, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
50 կգ կշռող կենդանու տիրուհին փորձել է նրան տեղափոխել որպես ընտանի կատու, սակայն ճանապարհին չի կարողացել կառավարել կենդանուն, որն ամեն ինչից բացի նաև առանց դնչկալի է եղել։
«Երբ տրանսպորտային ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, ակնհայտ է եղել, որ տիրուհին չի կարողանում վերահսկել իրավիճակն ու պետք է անհապաղ մեկուսացնել կենդանուն»,-ասված է հաղորդագրության մեջ։
mk.ru-ն հավելյալ մանրամասներ է հաղորդում։ Ըստ այդմ՝ ժամը 22.00-ի մոտակայքում գնացքի ուղեկցորդուհուն դիմել է ուղևորներից մեկը։ Աղջիկը բողոքել է աղմուկից, որը լսվել է հարևան սենյակից։
Հանկարծ սենյակից մի կին է դուրս թռել և խնդրել բանալիով փակել դուռը։ Նա տեղեկացրել է, որ իր «կատուն» դուրս է եկել վերահսկողությունից։
Դռան հետևից ընտանի կենդանուն ոչ բնորոշ ձայներ են լսվել, ինչից հետո տիրուհին ստիպված է եղել խոստովանել, որ այնտեղ «առյուծ կա, սակայն այնքան փոքրիկ, որ կատվիկի է նման»։
Հաջորդ կայարանում առյուծին դիմավորել են մասնագետներն ու ոստիկանները։ Ըստ այլ տեղեկությունների՝ կատվիկը եղել է ոչ թե 50, այլ 80 կգ։
Հետո հայտնվել է կենդանու մեկ այլ տեր, և փաստաթղթեր ցույց տալով՝ նրան իր հետ է տարել։ Ավելի ուշ նա կենդանու անշնչացած մարմինը տեղափոխել է անասնաբույժի մոտ, և ասել է, թե կենդանին խեղդվել է։










