Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում ցանկանում են ռեստորան բացել
Քննադատության հերթական ալիքն է ստացել Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թանգարանի ղեկավարությունը։ Այս անգամ զանգվածային դժգոհություն է առաջացրել թանգարանում սրճարան բացելու գաղափարը։ Ազդեցիկ գործարար Դենի Մայերը հայտարարել է, որ պատրաստվում է այնտեղ նոր հաստատություն բացել, գրում է lenta.ru-ն։
Մայերը կարծում է, որ իր ռեստորանը հարմարավետություն կապահովի այցելուների համար։ Այնտեղ կառաջարկվեն հիմնականում բուսական ուտեստներ, մթերքների մեծ մասը նախատեսվում է ստանալ տեղական ընկերություններից։
«Մենք գիտենք, որ մարդկանց կպահանջվի վայր՝ հանգստանալու, խորհելու համար»,- ասել է գործարարը։ Ընդ որում՝ Մայերը խոստացել է, որ եկամտի մի մասը կտրվի թանգարանին։
2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ էին ուղղել Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրել են «Ալ Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադենին:










