Միջուկային համաձայնագիրը, ըստ ամենայնի, կկնքվի հուլիսին. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» միջև միջուկային բանակցությունները, ըստ ամենայնի, ցանկալի արդյունք կտան մինչ հուլիսի 20-ը, երբ կկնքվի համապարփակ միջուկային համաձայնագիր։
«Շատ հավանական է, որ մենք համաձայնության կգանք հուլիսի վերջին։ Դա մեր ուժերի շրջանակներում է»,-ասել է իսլամական պետության ղեկավարը, ով մասնակցում է չինական Շանհայ քաղաքում ընթացող տարածաշրջանային անվտանգության համաժողովին։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ռոհանին հավելել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կան մի շարք բարդ հարցեր, որոնց լուծում տալու համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի խելամիտ չէ ակնկալել, որ խնդիրը կլուծվի մի քանի հանդիպման շնորհիվ։
Աղբյուրը հավելում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին նշել է, որ իրանական կողմը համաձայնել է քննարկել մի շարք վիճահարույց հարցեր, ինչից հրաժարվում էր նախկինում։
Հիշեցնենք, որ Արևմուտքն Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու համար, սակայն պաշտոնական Թեհրանը հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ ուրանի հասրտացումն իրականացվում է բացառապես խաղաղ նպատակներով։










