Ռուսաստանի ԱԳՆ-ն Բրիտանիայից բացատրություն է ակնկալում Պուտինի մասին արքայազն Չարլզի ելույթի հետ կապված
Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնական բացատրություններ է խնդրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արքայազն Չարլզի հնչեցրած սուր քննադատության առնչությամբ, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին։
«Եթե Պուտինի գործողությունների մասին արքայազն Չարլզի արտահայտություններն իսկապես եղել են, դրանք, իհարկե, բրիտանացի ժառանգորդին պատիվ չեն բերում: Ռուսաստանը պաշտոնական բացատրություններ է խնդրել բրիտանական կողմից նրա արտահայտությունների վերաբերյալ»,- ասել է Լուկաշևիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 21-ին արքայազն Չարլզը քննադատել էր Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի և Ուկրաինայի նկատմամբ: Արքայազնը Պուտինին համեմատել էր Հիտլերի հետ: Քննադատելով Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ արքայազն Չարլզն ասել էր. «Այժմ Պուտինն անում է գրեթե նույն բաները, ինչ Հիտլերը»։










